Քաղաքագետ. Ադրբեջանի հետ խոսել են կադրի ետևում
Նրա խոսքով` ակնհայտ է, որ Մինսկի խումբը միավորում է տարածաշրջանում առաջատար դերակատարներին, առաջին հերթին` Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին, ովքեր հետաքրքրված չեն հակամարտության սրմամբ:
«Դիվանագիտական հայտարարությունը մի բան է, լուրջ «խոսկակցությունը»` մեկ այլ, որը համոզված եմ, որ տեղի է ունեցել»,-նկատեց Մինասյանը: Պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք «լուրջ խոսակցությունը» ապագայում ազդել Ադրբեջանի գործողությունների վրա, քաղաքագետը նշեց. «Պետք է ռեալ գնահատել իրավիճակը: Նման միջադեպեր կարող են լինել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն ունակ է ցուցադրել իր դժգոհությունն ու անհամաձայնությունը ձեւավորված իրողության հետ: Սակայն ավելի հեռուն նա չի համարձակվում գնալ, ինչը պայմանավորված է երկու գործոնով` հակամարտության գոտում ռազմաքաղաքական հավասարակշռության եւ միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ-ի, դիրքորոշմամբ: Բոլորի համար ակնհայտ է, որ կա սահման, որը Բաքուն անցնել չի կարող»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ապրիլի 25-ին ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ էին արձակվել նաեւ գյուղի, մասնավորապես գյուղի մանկապարտեզի ուղղությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում ստացած հրազենային վնասվածքներից երեք հայ զինծառայողներ են զոհվել:
Ապրիլի 27 -ին հայտարարությամբ էին հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա)` նշելով, որ իրենք «խիստ մտահոգված» են հայ-ադրբեջանական սահմանի եւ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ վերջին հաղորդագրություններով, որոնց արդյունքում զոհեր ու կորուստներ են արձանագրվել:
«Նման անմիտ գործողությունները խախտում են կողմերի՝ ուժի կիրառումից զերծ մնալու եւ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորությունները, ինչպես նաեւ հակասում են 2012 թվականի հունվարի 23-ին նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի ընդունած համատեղ հայտարարության ոգուն: Համանախագահները խստորեն դատապարտում են կյանքի որեւէ կորուստ եւ վերահաստատում, որ հակամարտության կարգավորման գործում խաղաղ բանակցային ճանապարհը այլընտրանք չունի», - ասված էր հայտարարությունում:
Դրանից հետո ապրիլի 30-ին ԵԱՀԿ-ն դիտարկում է իրականացրել Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծում:

No comments:
Post a Comment